Սովորում ենք արտերկրում․ ինչպես ընտրել երկիրն ու ուսումնական հաստատությունը
28.04.2021
Մեր օրերում կրթությունն արտերկրում դադարել է անհասանելի երազանք մնալ շատ երիտասարդների համար, եթե, իհարկե, նրանք ակտիվ են ու նպատակասլաց։ Տարբերակները շատ են, սակայն կոնկրետ ԲՈՒՀ ընտրելու հարցին պետք է մոտենալ չափազանց հետևողականորեն։ Հենց դրանից է կախված ոչ միայն այն, թե ինչպես կանցնի դիմորդի կյանքն առաջիկա տարիներին, այլև հետագա ողջ աշխատանքային կարիերան։
Ինչի՞ց ընտրել
Սկզբում պետք է կազմել նախընտրելի երկրների ու ԲՈՒՀ–երի ցանկը։ Ի սկզբանե ընտրելով մեկ ուսումնական հաստատություն՝ դիմորդը բավական նվազեցնում է արտերկրում սովորելու իր շանսերը։ Ցուցակը կազմելիս ցանկալի է սկզբից որոշել այն երկրները, որտեղ կցանկանայիք սովորել, այնուհետև նախընտրությունը տալ այն ԲՈՒՀ–երին, որոնք գործում են տվյալ երկրում։ Այսպես դուք ժամանակ չեք ծախսի ավելորդ տեղեկություններ հավաքելու վրա։
Ընտրում ենք երկիրը
1. Հիմնական լեզուն։ Ուշադրություն ենք դարձնում երկրի պետական լեզվին։ Սովորաբար ընտրում են ռուսալեզու կամ անգլալեզու երկրները, սակայն չի բացառվում, որ դուք այլ լեզվի եք տիրապետում և այս առումով ձեր առջև կբացվեն նոր հորիզոններ։
2. Միջին գները։ Հիշեք, որ ոչ միայն ուսման վարձ պետք է վճարեք։ Եվ եթե նույնիսկ դուք անվճար հիմունքներով ընդունվեք, միևնույնն է՝ առօրյա կենցաղային ծախսերը տարբեր երկրներում տարբեր են։ Այնպես որ, ճիշտ գնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները հետագայում բազում խնդիրներից խուսափելու համար։
3. Մենթալիտետ։ Անպայման ուշադրություն դարձրեք, թե ընտրված երկրում ինչ սովորույթներ կան, ինչ բարքեր են, որովհետև ուսումնառության ողջ ընթացքում դուք ոչ միայն ձեր ուսանող ընկերների հետ եք շփվելու, այլև հասարակ մարդկանց։
4. Ծանոթների ու բարեկամների առկայություն։ Գործը բավական կհեշտանա, եթե տվյալ երկրում ծանոթներ կամ բարեկամներ ունենաք։ Նրանք ձեզ կօգնեն առնվազն խորհուրդներով ու նոր միջավայրում հարմարվելն առավել հեշտ կանցնի ձեզ համար։
5. Միգրացիոն օրենսդրություն։ Անպայման ճշտեք ձեր ապագա կարգավիճակը իրավական տեսանկյունից։ Դիմեք դեսպանատներ կամ համապատասխան գործակալություններ, որոնք մասնագիտացած են ուսման նպատակով այլ երկրներ ճամփորդությունների հարցերով, նախապես ճշտեք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Ընտրում ենք ուսումնական հաստատությունը
1. Որոնում ենք համալսարանը՝ ըստ կրթական ուղղվածության։ Նախ պետք է ընտրել այն մասնագիտությունը, որն ուզում եք ձեռք բերել, որից հետո պետք է հասկանալ, թե որ արտասահմանյան ԲՈՒՀ–երն ունեն համապատասխան մասնագիտությամբ կրթական ծրագրեր։ Հասկանալի է, որ մեծ է գայթակղությունը՝ դիմել տվյալ մասնագիտությամբ ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություն, սակայն նախ պետք է իրապես գնահատել սեփական կարողությունները, ինչպես նաև հաշվի առնել մեծ մրցակցությունը մեկ տեղի համար։ Շատ հաճախ է պատահում, երբ ոչ շատ հայտնի հաստատություններում կոնկրետ ձեր ընտրած մասնագիտության կրթական ծրագիրը լինում է շատ մրցունակ։ Դրա համար ուշադրություն դարձրեք ընտրված ոլորտի հայտնի մասնագետների անցած կրթական ուղուն։ Հավատացեք, այնտեղ շատ հետաքրքիր ԲՈՒՀ–եր կգտնեք։
2. Պահանջներ դիմորդների համար։ Սովորաբար համալսարանական կայքերում հրապարակվում են այն չափորոշիչները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն դիմորդները։ Հետևեք դրանց և, անհրաժեշտության դեպքում, հղկեք ձեր գիտելիքները։
3. Ուսման վարձ։ Այստեղ պետք է իրապես գնահատեք ձեր կարողությունները։ Շատ հաճախ հենց նյութականն է կանխորոշում երկրի ու ուսումնական հաստատության ընտրությունը։ Բայց կան նաև ֆինանսական բեռը թեթևացնելու այլ տարբերակներ։ Դրանք են կրթաթոշակներն ու դրամաշնորհները, որոնք կարող են տրամադրվել թե՛ համալսարանի, թե՛ այլ տարատեսակ հիմնադրամների կողմից։
4. Ուսուցման լեզուն։ Նույնիսկ ոչ անգլախոս երկրներում օտարերկրացիների համար կրթությունը սովորաբար անցկացվում է անգլերենով։ Կարևոր է նախապես իմանալ այս մասին և եթե դուք այդքան էլ վարժ չեք տիրապետում տվյալ երկրի պետական լեզվին, դա կարող է խոչընդոտ չհանդիսանալ ձեզ համար։
5. Վերապատրաստման և աշխատանքի տեղավորման հնարավորություն։ Ուսումը, մեծ հաշվով, իմաստազրկվում է, եթե դրա ընթացքում և հետագայում դուք չեք կարողանում համապատասխան աշխատանք գտնել և իրացնել ձեր գիտելիքները։ Արտերկրի ուսումնական հաստատությունները տեղականներից հիմնականում տարբերվում են պրակտիկ աշխատանքներին ուշադրություն դարձնելով։ Նախապես ճշտեք՝ արդյոք ԲՈՒՀ–ն օգնում է հետագայում աշխատանք գտնելու հարցում, ունի արդյոք կարիերայի կենտրոն և այլն։
Սրանք այն մի քանի հարցերն են, որոնք մենք ընտրել էինք այն բազմաթիվներից, որոնց պետք է մանրակրկիտ ուշադրություն դարձնել արտերկիր՝ սովորելու մեկնելուց առաջ։ Եվ որքան էլ դրանք շատ լինեն, միևնունն է՝ հավատացե՛ք ձեր ուժերին ու վստահ քայլերով շարժվեք դեպի ձեր երազանքը։