Կարո՞ղ են արդյոք առցանց դասընթացները փոխարինել բարձրագույն կրթությանը
03.03.2022
Արժե՞ արդյոք ստանալ բարձրագույն կրթություն աշխարհում, որտեղ կան բազում առցանց հարթակներ
Առցանց կրթության շուկա․ ինչ կա և ինչ սպասել
Տարբեր հարցումների արդյունքներով ուսանողների և դասախոսների ավելի քան 70%-ը կարծում է, որ հեռավար ուսուցումն առնվազն չի զիջում ավանդականին։ Առցանց հարթակներում ճկուն հմտություններից բացի արդեն վաղուց կարելի է բարձրագույն կրթություն ստանալ։ Օրինակ, Coursera-ում տեղակայված են աշխարհի ճանաչված ԲՈՒՀ-երի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր, Skillbox-ն առաջարկում է Python-ծրագրավորողի, վեբ դիզայների կամ սպորտային մենեջերի մասնագիտություն ստանալ մեկուկես տարուց քիչ ժամանակում, իսկ Udemy-ում օգտատերը կարող է ձեռք բերել արտասովոր այնպիսի հմտություններ, ինչպիսին է, օրինակ, մարդկանց հիպնոսը։
Առցանց կրթության ամբողջ շուկան 2025 թվականին կհասնի 350 մլրդ դոլարի։
Մեր օրերում մեծ փորձություն է՝ հասկանալ, թե ինչ հմտություններ են պահանջվում վաղը: Աշխարհը շատ արագ է փոխվում, այն, ինչ արդիական էր այսօր, մոռացվելու է 3-4 տարի հետո։ Մարդիկ շփոթված են և չեն հասկանում, թե որ ուղղությամբ շարժվել։
Առցանց դասընթացների միջոցով մասնագիտություն կարելի է ձեռք բերել ընդամենը մի քանի ամսում։ Դա թեթևացնում է մարդու պատասխանատվությունը․ նույնիսկ եթե մասնագիտության սխալ ընտրություն եք կատարել, կարող եք արագ նորը սովորել և դա ավելի էժան կլինի, քան ավանդական ուսումնական հաստատությունում։
Որտեղ ստանալ պահանջված մասնագիտություն՝ ԲՈՒՀ-ու՞մ, թե՞ առցանց
Glassdoor-ի վարկածով 2021 թվականի ամենապահանջված մասնագիտություններն են․
- Data-scientist - մեքենայական ուսուցման և տվյալների վերլուծության մասնագետ;
- Java-developer - Java լեզվով ծրագրավորող, որի օգնությամբ ստեղծվում են համակարգչային խաղեր, բանկային համակարգեր և բջջային հավելվածներ;
- Product-manager - ստեղծում է նոր ապրանքների կամ ծառայության գաղափարներ և իրականացնում դրանք։
Այս ամենը կարելի է սովորել առցանց հարթակներում։ Ավելին, ԲՈՒՀ-երի մեծ մասն առաջարկում է, օրինակ, նույն data-scientist-ի մասնագիտությունը ստանալ մագիստրատուրայում։ Իսկ դա նշանակում է, որ նախքան ուսուցումը պետք է չորս տարի ծախսել բակալավրի աստիճան ստանալու համար։ Առցանց հարթակներում դա անելն առավել հեշտ է․ ակադեմիական աստիճան ոչ ոք չի հարցնում:
Բացի այդ, ԲՈՒՀ-ում սովորելը մի քանի անգամ ավելի թանկ է։ Ընդ որում, որոշ առցանց կրթական հարթակներ առաջարկում են "սովորիր հիմա, վճարիր հետո" համակարգը, որի շնորհիվ առաջին կես տարվա ընթացքում դուք չեք վճարում։ Երբ աշխատանք կգտնեք, այդ ժամանակ էլ կփոխհատուցեք ուսման ծախսերը։
Ինչ են մտածում գործատուները
Ուշադրություն դարձրեք գործատուների համար ամենակարևոր չափանիշներին: Որևէ առցանց հարթակից ստացված վկայականի առկայությունը ոչինչ չի երաշխավորում։ Գործատուն ուշադրություն է դարձնելու ձեր կոնկրետ հմտություններին, որոնք դուք պետք է կիրառեք աշխատանքի ընթացքում։
Ում չի համապատասխանում առցանց կրթությունը
Կրթության առցանց և ավանդական ձևաչափերը համեմատելը տեղին չէ այնքանով, որ նրանցից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ, որոնք կամ համապատասխանում են, կամ չեն համապատասխանում կոնկրետ անձին։ Առցանց կրթության բացասական կողմերից ամենաշահարկվողներն ավելի քիչ գործնական և անձնական շփումներն են, ինչպես նաև ուսման գործընթացում աշխատանքային միջավայր ստեղծելու դժվարությունը։
Ինչ պետք է հիշել, եթե դուք որոշել եք սովորել առցանց
Նույնիսկ ամենահայտնի և վարկանիշային առցանց հարթակները կարող են թողարկել անորակ դասընթացներ։ Եթե այնուամենայնիվ որոշել եք հեռավար կրթություն ստանալ, ուշադիր ուսումնասիրեք դասընթացի ծրագիրը, դրա վերաբերյալ կարծիքները, ինչպես նաև հնարավորության սահմանում տեսանյութի մի հատված դիտեք, որտեղ ներկայանում է դասընթացավարը։ Բազմաթիվ օգտատերեր դժգոհում են, որ որոշ թանկարժեք դասընթացներ պարզապես անվճար տեղեկատվության հավաքածու են համացանցից։ Եվ ամեն դեքում հույս մի տածեք, որ հեռավոր կրթությունը հեշտ է տրվելու: Մասնագիտությունը չի կարելի յուրացնել մի քանի ամսվա ընթացքում՝ ոչինչ չանելով։