Հեռավար կրթություն՝ փոստով
23.03.2022
Շատերը կարծում են, որ հեռավար կրթությունը 21-րդ դարի հայտնագործություն է և սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Սակայն դա բոլորովին այդպես չէ։
Իրականում այս ամենը սկիզբ է առնում հեռավոր 1858 թվականից, երբ Լոնդոնի համալսարանը գործարկեց դիպլոմը հեռավար ստանալու առաջին կրթական ծրագիրը։ Դա տեղի էր ունենում սովորական փոստի միջոցով։ Առաջադրանքները, դասախոսությունները, հավելյալ նյութերը ուսանողը ստանում էր փոստով, որով և պատասխան նամակում համալսարան էր ուղարկում հարցաշարերի պատասխանները։
Հեռավար կրթության հաջորդ փուլը ուսուցումն էր ռադիոյով։ Կրթության այս ձևն արդիական էր 20-րդ դարի 20-ական թվականներին և առավել տարածված էր Եվրոպայում։ Ուսանողները սովորում էին որոշակի ռադիոհաճախականության վրա, որով էլ ստանում էին առաջադրանքները, իսկ հետագայում նույն հաճախականությամբ հեռարձակում դիպլոմային պաշտպանությունը։
20-րդ դարի 50-ական թվականներին աշխարհը գրավում էր հեռուստատեսությունը և, բնականաբար, կրթական ծրագրերը ներխուժեցին նաև այստեղ։ Դասախոսությունները սկսեցին հեռարձակվել մեզ համար արդեն սովորական դարձած տեսաֆորմատով։
Իսկ ահա ինտերնետով հեռավար ուսուցումն առաջին անգամ կյանքի է կոչվել նախորդ դարի 90-ական թվականներին ԱՄՆ-ում։
Այսպիսով, հեռավար կրթությունն այն տեսքով, որը հիմա մենք կիրառում ենք, մեկուկես դարի էվոլյուցիայի արդյունք է։ Իսկ ամեն ինչ սկսվել է հասարակ փոստից։