Recoursio Academy-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ

Recoursio Academy կրթական հարթակն ու Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը ստորագրել են գործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել և խորացնել կողմերի միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացը։ Այդ նպատակով կողմերը մտադիր են կիրառել Recoursio-ի առցանց ռեսուրսները համալսարանի կրթական ծրագրերի տարածման աշխարհագրության մեծացման, ինչպես նաև դիմորդների լայն շրջանակի ներգրավման ուղղությամբ։ Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել հետևյալ ուղղություններով՝

  • մասնագիտական վերապատրաստման և լրացուցիչ կրթական ծրագրերի ստեղծում և տարածում.
  • մանկավարժների և ավագ դպրոցի աշակերտների շրջանում առարկայական առցանց օլիմպիադաների կազմակերպում և անցկացում.
  • համալսարանի ուսանողների և շրջանավարտների կարիերայի առաջխաղացման հնարավորությունների բարելավում։

«Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գործընկերների ցանկում ունենալ նման ճանաչված ԲՈՒՀ։ Վստահ եմ, որ այս նոր գործակցությամբ սպասվող համատեղ ծրագրերը ոչ միայն լինելու են փոխշահավետ, այլև նոր մշակույթ են բերելու կրթության ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակում»,– իր խոսքում նշել է Recoursio Academy նախագծի գլխավոր տնօրեն Սամվել Բեկթաշյանը։

«Recoursio նախագիծը շատ կարևոր օժանդակության միջոց է մեզ համար։ Եվ այդ համատեղ ծրագրերն ու նպատակները մենք կարող ենք հաջողել։ Քանի որ հեռավար կրթությունն այլևս սահմաններ չի ճանաչում, մեր դասախոսական կազմի համար սա շատ լուրջ հնարավորություն է, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները փոխանցել նաև այն ուսանողական հանրույթին, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,- ասել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։ Տիկին Վարդանյանի հետ հարցազրուցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։