Հիբրիդային ուսուցման առավելությունները

Կրթական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ոլորտում սկսեցին գործել այնպիսի աշխատանքային մեթոդներ, որոնք բնորոշ չեն սովորական դասարանային միջավայրին։ Միայն 2020-ին աշխարհի հարյուրավոր ուսումնական հաստատություններ ստիպված եղան անցնել հեռավար կրթության, ինչը շատ դասավանդողների դրդեց մտածել հիբրիդային ուսուցման մոդելի ներդրման մասին, որը միայն ուսումնական պլանի մեծ մասի տեղափոխումը չէ վիրտուալ դասարան: Ի տարբերություն հեռավար կրթության՝ հիբրիդային ուսուցումը առկա և առցանց կրթության լավագույն մեթոդների համապարփակ միավորումն է։

Հիբրիդային ուսուցումն ավանդական լսարանային փորձը, էմպիրիկ ուսուցումը և դասընթացի թվային նյութերը միավորող մոդել է, որն ուղղված է ուսուցման յուրաքանչյուր նպատակի՝ առավելագույն արդյունքի ձեռքբերմանը:

Ուսուցման այս մոդելի հաջող ներդրման համար անհրաժեշտ է ունենալ բավականաչափ նյութեր, և նման մոտեցումը թույլ է տալիս միավորել դեմ առ դեմ (face-to-face, F2F) դասավանդման մոդելը հեռավորի հետ: Որքան բարձր է դասընթացավարի մակարդակը, այնքան ավելի արդյունավետ է դասն ինչպես առկա, այնպես էլ հեռավոր ուսանողների համար։

Հիբրիդային մոդելի առավելությունները

Թե՛ առկա, թե՛ հեռավոր կրթությունն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Հիբրիդային մոդելի նպատակը կրթական այդ երկու տեսակների առավելությունները միատեղելն է, ինչպես նաև ուսուցման՝ առավել հարմարավետ ու արդյունավետ մոդելի ստեղծումը: Դիտարկենք նման մոդելի հիմնական առավելությունները․

  • Ճկունություն ամեն ինչում՝ ժամանակացույցում, նյութերում, գործնական հանձնարարություններում, դասընթացավարի հետ շփման մեջ: Այն ուսանողները, ովքեր չեն կարողանում հաճախել պարապմունքներին անձամբ հեռավորության կամ առողջական խնդիրների պատճառով, շարունակում են ուսումը հեռավար՝ մյուս ուսանողների հետ հավասար։
  • Անկախություն ակադեմիական հոսքից. ուսուցման հիբրիդային մոդելի ներդրումն օգնում է զարգացնել ինքնակրթության հմտությունները: Ուսանողները սովորում են աշխատել նյութերի հետ անձամբ և անկախ են ակադեմիական գործընթացից, ժամանակացույցից կամ համակուրսեցիների առաջադիմությունից։
  • Ռեսուրսների արդյունավետ բաշխում. մոդելն օգնում է պլանավորել ժամանակը՝ ճշգրիտ բաշխելով հանդիպումներն ու գործնական պարապմունքները՝ անկախ ձեւաչափից: Հիմնական սկզբունքը ժամանակի, ուժերի և միջոցների խնայողությունն է առավելագույն արդյունավետության պարագայում:
  • Անհատական մոտեցում. կախված ուսանողների հետաքրքրություններից, զբաղվածությունից, նպատակներից և ունակություններից՝ դասախոսը կարող է տարբերակել ուսումնասիրվող նյութը և հարմարեցնել այն ուսուցման արդյունավետությանն ու արագությանը: Ավելին, հիբրիդային ուսուցումը լրացուցիչ հնարավորություններ է բացում այն ոլորտներում, որտեղ ուսանողն առավել հետաքրքրված է։

Հաշվի առնելով հիբրիդային ուսուցման մեթոդի արդիականությունն ու առավելությունները՝ Recoursio Academy միջազգային կրթական հարթակի տեխնիկական անձնակազմն աշխատանքներ է իրականացնում մոտ ապագայում դրա արդյունավետ ներդրման համար։